Ռուսաստանն արդեն այս տարի կարող է թույլ տալ ԱՊՀ քաղաքացիների մուտքն իր երկիր միայն արտասահմանյան անձնագրերի առկայության դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Կարծում եմ` պետք է մոտ ժամանակներս արգելել մուտքը Ռուսաստան փաստաթղթերով, որոնք նույնականացման ենթակա չեն»,- ասել է Ռոգոզին: Ինչպես նշել է փոխվարչապետը, դա առաջին հերթին վերաբերվում է Տաջիկստանի հետ երկաթուղային հաղորդակցությանը: Նրա կարծիքով, նոր պահանջները պետք է գործարկվեն մի քանի ամսվա ընթացքում:
Ինչպես հայտնում է «Ռոսբալթ»-ը, Ռոգոզինն ապրիլի 14-ին Աստրախանի տարածաշրջանի Ակսարայսկ կայարանում սահմանապահ վերահսկողության հարցերով ժողով է անցկացրել: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշենկոյի հետ միասին նա ստուգել է Դուշանբե-Մոսկվա գնացքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին` Դաշնային ժողովին ուղերձ հղելով, հայտարարել է, որ 2015 թվականից բոլոր օտարերկրացի, այդ թվում նաեւ ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը Ռուսաստանի տարածք կիրականացվի միայն արտասահմանյան անձնագրերով:




























