Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով, ապրիլի 14-18-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում հեղինակավոր «National Geographic Russia» ամսագրի խմբագրակազմը:

Ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան՝ այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը եւ ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը եւ հոգեւոր արժեքներին, ազգային ավանդույթներին եւ ժամանակակից կյանքին:

Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում եւ խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Ըստ այդմ՝ այցի արդյունքում «National Geographic Россия» եւ «National Geographic Traveler» ամսագրերում կհրապարակվեն Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Սույն նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է եւ 2013թ.-ին կազմակերպվելիք ճանաչողական այցերի շարքի մեկնարկը: