Սերժ Սարգսյանը հիշաչար չէ, հատկապես` Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, առավել եւս իր մատնաշանած մարդկանց նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ հիշաչար է եւ չի ներելու նրանց:

«Եթե Սերժ Սարգսյանը հիշաչար լիներ, Լեւոնը 10 տարի լռությունից հետո ոտքի չէր կանգնի: Այնպես որ յուրաքանչյուր մեկն իր ճանապարհը գալիս աղտոտում, գնում է, հետո տեսնում է, որ ճանապարհը նորից պատրաստվեց, մտածում է, թե իր աղբը ավելի լավ է, քան մյուսների ստեղծած բարեկիրթ իրավիճակները: Սերժ Սարգսյանը հիշաչար չէ, հատկապես` Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, առավել եւս իր մատնշանած մարդկանց նկատմամբ, եւ նրանց հետ, ում անունները տալիս են, նրանց իր խամաճիկային տեսակետի ցանցը գցելով չեմ կարծում, թե ավելի մեծ պատիվ է շնորհում, քան ունեն նրանք: Այդ մարդիկ այսօր ոչ թե համարժեքում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ մի քանի քայլ արդեն առաջ են գնացել: Նրա ամբողջական խնդիրն այն է, որ վերականգնի կորցրածը ուրիշների հաշվին, իսկ այս ուրիշները այդքան էլ ուրիշներ չեն մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, որ իր տպավորությունն ավելի վատն է, քան նախկինում, «ոչինչ չասող համագումար էր (խոսքը ՀԱԿԿ համագումարի մասին է-խմբ), մեսիջները քաղաքական խալտուրայի չհիմնավորված մոտեցումներ էին»: Նրա կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է  նոր պատվանդան գտնել, բայց որոնումների մեջ է` չմտածելով, որ իր արժեւորումը եւ պատմականությունը այն պատվանդանն է, որը ժամանակին ունեցել եւ դերակատարում է ապահովել Հայաստանի համար:

ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հակառակ կարծիքի լինելով, կարելի է նրան մեծարել որպես Հանրապետության առաջին նախագահ, բայց այս պահին ինքը փաստորեն խամաճիկի դերակատարում ուներ: Գալուստ Սահակյանը նաեւ նշեց, թե առաջին նախագահը կուսակցություն է ստեղծել ընդդեմ անհատի, ոչ թե ինչ-որ գործ անելու համար: «Չմտածելով, որ տնտեսությունից երբ խոսում է եւ քննադատում է, որ օլիգարխիկ տնտեսություն է, եկեք այսպես անենք, այնպես չանենք, մոռանում է, որ իր ժամանակ ունեինք նաեւ համապատասխան նախարարություններ, որոնք որ լիազորված էին տնտեսությունը առաջ տանելու, բայց դրանք անգործության մատնվեցին, որովհետեւ անհատականացվեց, թե ով պիտի զբաղվի ստվերային հարցերով, եւ ամբողջ տնտեսությունը քանդվեց: Այսօր երբ խոսում է Երեւանի մասին, երեւի այդ թվերին ինքը չի տեսել, որ Երեւանը փոսերի մի տարածք էր դարձել եւ այսօր այս գեղեցիկ պահերը, իհարկե իր քննադատական կողմը ունեցող Երեւանը, կարծում եմ խանաճիկի լեզվով եւ խամաճիկի նման արժեւորելը վիրավորական է մեր շատ հարգված առաջին նախագահի կողմից, այնպես որ չեմ կարծում, որ այդ համագումարը որոշակի դերակատարում ուներ»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀԱԿ-ը` որպես քաղաքական խմբակցություն չի ներկայացնում որեւէ կուսակցություն, եւ առաջին նախագահը ՀԱԿ-ը դարձրեց արտախորհրդարանական կուսակցություն: «Այն խնդիրը, որ ասում է, թե մենք կոնկրետ ոչ թե ծրագրերի մասին պիտի խոսենք, այլ ծրագրերի փիլիսոփայության, կարծում եմ վերաբերում է իր նախորդ հայտարարությանը, որ հոգնել է, չի կարող մասնակցել քաղաքականությանը: Չեմ կարծում, թե ինչ-որ նոր ուժ է ստեղծվել, եւ այդպես չէ, որ հնարավորինս քաղաքական ուժերը կմիավորվեն եւ կարծես թե պաշարված Երեւանի վրա հարձակում պետք է գործեն, որպեսզի ընդդիմությունը Երեւան քաղաքը կարողանա տնօրինել եւ դրանով  իրենց քաղաքական կարիերան դրանով պիտի մեծանա»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը հիշաչար է եւ չի ներելու Գագիկ Ծառուկյանին` իր երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար:

Նա նշել էր, թե «Գագիկ Ծառուկյանը, որը փորձում է պոկվել իշխանություններից,  նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս, դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, իսկ այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: «Ինչպե՞ս կարելի է վանել մեկին,  որը  պայքարում է այդ չարիքի դեմ:  Ես չեմ բացառում, որ  առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է  հենց  ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը, թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ այս օրինակը խիստ վարակիչ կարող է լինել»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am