Ջրի քիչ քանակությամբ եւ փոքր տարածք զբաղեցնելով` այսուհետեւ հնարավոր կլինի արտադրել էկոլոգիապես մաքուր եւ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան ձկնատեսակներ: «Արմենիա Ֆիշ»  ընկերությունը, ուսումնասիրելով եվրոպական մի շարք առաջատար  ձկնարտադրող եւ նախագծող ընկերությունների գործունեությունը, պայմանավորվածություն է ձեռք բերել ոլորտի առաջատար դանիական` «Բիոմար» ընկերության հետ Հայաստանում դեռեւս գոյություն չունեցող նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ձեռքբերման եւ ներկրման ուղղությամբ:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Արմենիա Ֆիշ» ընկերության մամուլի ծառայությունից, Դանիական «Բիոմար» ընկերության տեխնոլոգիան եւ ներկրվելիք սարքավորումները ներկայումս ամենաարդիականն են: Ընկերությունը իր առջեւ դրել է խնդիրներ` ներառելով արտադրությունը ապահովել ջրի զտման, թթվածնով հարստացնելու նորագույն սարքավորումներով, ջրի օգտագործման քանակը հասցնել նվազագույնի` կրճատելով 70%-ը, բիոֆիլտրերի ու մեխանիկական ֆիլտրերի միջոցով ջուրը մաքրել եւ 5-7 անգամ օգտագործել, որի արդյունքում 1 խ.մ–ի մեջ կապահովի տարեկան 250 կգ ձկան բուծում, այն դեպքում, երբ ներկայումս ՀՀ տարածքում առավելագույնը կարողանում են ստանալ 10 կգ ապրանքային ձուկ:

Ջրի կորուստը նվազագույնի հասցնելը չի անդրադառնա ձկան համային եւ որակական հատկությունների վրա:

2013թ. ընկերությունը նախատեսում է իրականացնել 2000 տ թառափի արտադրություն, իսկ 2014թ-ից` նաեւ 2000 տ իշխանի արտադրություն, հետագայում 2020թ. թառափի ձկնկիթի արտադրություն եւ արտահանում:

«Արմենիա Ֆիշ»  ընկերությունը նախատեսում է 2013թ.–ի համար իրականացնել 5-7 մլն,  իսկ 2014թ. – ին՝ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 

«Արմենիա Ֆիշ» ընկերությունը համապատասխան պայմանավորվածություն ունի նաեւ եվրոպական ստանդարտացման ընկերությունների հետ, որոնք կհետեւեն արտադրական պրոցեսի ընթացքին, ինչը կնպաստի ձկնատեսակների արտահանմանը դեպի եվրոպական շուկա:

Այսպիսով հայաստանյան «Արմենիա Ֆիշ» ընկերությունը դանիական «Բիոմար»  ընկերության հետ միասին  լուրջ եւ դրական բեկում կմտցնի հայրենական ձկնարտադրության մեջ, նոր որակի ու նորանոր քանակների կհասցնի հայկական ձկնարդյունաբերությունը` տեղական եւ միջազգային շուկաներում: