Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, տեղեկացնում են ԻՏՁՄ հանրային կապերի ծառայությունից:  Համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տեղեկատվական եւ hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ եւ հյուրեր: 

Համագումարի ընթացքում ներկայացվեցին ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու եւ գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը եւ նախագծերը, որոնցից են` ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից եւ ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E'Club», երիտասարդ  տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co –Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:

Կայացավ նաեւ ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս»,  «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:  

Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: