Հայաստանի սփյուռքի նախարարությունում, այսօր՝ ապրիլի 15-ին, կայացել է հանդիպում «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» ծրագրի սփյուռքահայ մասնակիցների, ժյուրիի անդամների եւ պրոդյուսերների հետ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, որը տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով կազմակերպում է երիտասարդ տաղանդներ հայտնաբերելու մրցույթներ, որոնք այսօր արդեն համահայկական հնչողություն են ստացել, քանի որ դրանց մասնակցում են ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքահայ տաղանդավոր երիտասարդներ:

Գերատեսչության ղեկավարը, ստեղծագործական հաջողություններ մաղթելով երիտասարդ տաղանդներին, մասնավորապես նշել է. «Թող այսօրվա ելույթները սկիզբը լինեն այն մեծ բեմերի, որտեղ կկայանան ձեր մենահամերգները: Ու թող ձեզ ուղեկցեն հայ երգն ու երաժշտությունը: Հավատարիմ մնացեք հայ մշակույթին ու արվեստին: Դուք դառնալու եք հայ արվեստի դեսպաններ եւ ձգտելու եք օտար երկրներում հայ պահել համայնքը: Համախմբելու եք երիտասարդներին, օգնելու եք նրանց պահպանել հայերենը»:

Հ. Հակոբյանը  ծրագրում ընդգրկված սփյուռքահայ երաժիշներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-24-ը Երեւանում կայանալիք Համահայկական երիտասարդական համաժողովին:

Հանդիպմանը մի գեղեցիկ անակնկալ էր սպասվում Ասյա Բողոսյանին: Սայաթ Նովայի «Աշխարհս մե փանջարա է» երգի անզուգական կատարման համար Ռուխկյանների ընտանիքը նրան նվիրել էր նկարիչ Հրաչյա Ռուխկյանի գործերից մեկը` Սայաթ Նովայի դիմանկարը, եւ անպայման ուզում էին, որ նվերը հանձնի Հ. Հակոբյանը:

Ժյուրիի անդամները անաչառ աշխատանքի համար պարգեւատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով: Պատվոգրերի արժանացան ծրագրի մասնակից սփյուռքահայ երգիչներ Կարինե Թովմասյանը, Մարիա Կուրտիկյանը, Սանդուխտ Մաթեւոսյանը, Ֆելիքս Ղարիբյանը, Մնացական Բրոսյանը, Մարիանա Շանոյանը:

Հիանալի կատարումով հանդես են եկել «X ֆակտոր» ծրագրի մրցույթի վերջին մրցութային համերգներին հաղթանակի համար պայքարող մոսկվաբնակ Մարիաննա Շանոյանը: Հանդիպման վերջում նախարարի պաշտոնակատարը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է հայ մնալ օտար ափերում, պահպանել լեզուն, մշակույթը, անուն-ազգանունը եւ նշել. «Անուն-ազգանունը ազգի պատկանելության բանալին է: Իսկ դուք պետք է հպարտանաք մեր ազգով ու նրա հազարամյա պատմությամբ»: