«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանի ընտանիքի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է իր հետ կապված քրեական գործին:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Որքա՞ն գումար է ստացվել Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղի 8-րդ նորակառույց շենքում 8 բնակարանների առք ու վաճառքի գործարքներից: 800քմ տարածքը պատկանել է սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանին, ով դեռեւս տարիներ առաջ իր ընտանիքի լիազոր ներկայացուցիչներ Սեւակ Արզարունու առաջարկով ու նրա միջոցով օտարել է իրեն պատկանող գույքը: Տարիներ են անցել, բայց Հարթունյանն իրեն պատկանող գումարներն այդպես էլ չի ստացել:
Դատարանում այսօր ներկայացված է բռնագանձման պահանջ, որով Նարեկ Հարթունյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել իրենց ընտանիքի երբեմնի երկու լիազոր անձանց՝ Սեւակ Արզարունուն ու Արտյոմ Մարտիրոսյանին վճարել Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղի 8-րդ նորակառույց շենքում 800 քմ տարածքի առք ու վաճառքի գործարքներից գոյացած գումարները:
Ներակայցվել է 97 մլն 100 հազար դրամի հայցապահանջ. «Սա այն չափն է, որը մենք կարող ենք հիմնավորել մեր տիրապետության տակ եղած պայմանագրերով, բայց դա իրական պատկերը ցույց չի տա, քանի որ եղել են նաեւ նախնական պայմանագրեր: Սեւակ Արզարունին այդ գործարքներից իրականում ստացել է ավելի քան 300 մլն դրամ, սակայն հրաժարվում է ներկայացնել այն պայմանագրերը, որոնց հիման վրա գումար է ստացել: Նա այդ պայմանագրերը լուծել է, այնուհետեւ Նարեկին ներկայացնելու համար շուրջ 3 անգամ էժան գներով պայմանագրեր կնքել, մինչդեռ անգամ այդ պայմանագրերը չի ներկայացրել դատարան»,-նշել է Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Փաստաբանը միջնորդել է դատարանին, որպեսզի դատարան կանչվի ու ցուցմունք տա նաեւ Սեւակ Արզարունին, ով, ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, կարող է իր ցուցմունքով լույս սփռել մի շարք էական հանգամանքների վրա:
Սակայն դատավոր Սուքոյանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմը կարող է եւ չներկայանալ դատարան, դա նրա իրավունքն է:
Այս անգամ պատասխանող կողմի՝ Սեւակ Արզարունու ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Հակոբյանը գրավոր առարկություն է ներկայացրել դատարան Հարթունյանի կողմից բերված հայցի դեմ: Նշենք, որ Սեւակ Արզարունին եւ Արտյոմ Մարտիրոսյանը որեւէ պայմանագիր չեն ներկայացրել դատարան: Նրանք իրենց ներկայացուցիչ փաստաբանների միջոցով ոչ ընդունում, ոչ էլ հերքում են, որ անգամ նման գործարքներ են իրականացրել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել:




























