Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հերքում է իր` սփյուռքի նախարար նշանակվելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ քննարկում, խոսակցություն, առաջարկ չի եղել սփյուռքի նախարար նշանակվելու հետ կապված:
Հարցին, թե եթե ամեն դեպքում նման առաջարկ արվի, դուք կհամաձայնե՞ք, նա նշեց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել: Դիտարկմանը, թե դուք գոհ եք սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքից, նրա փոխարեն դուք ավելի լավ կաշխատեիք, նա նկատեց. «Ես չէ, որ պետք է գնահատեմ Սփյուռքի նախարարի աշխատանքը»:
Նշենք, որ «168 ժամ» թերթը գրել է, թե քաղաքական կուլիսներում շարունակվում են նոր կառավարության կազմի վերաբերյալ քննարկումները։ «Դրանց համաձայն՝ նոր կառավարության կազմում չի լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Որպես նրա փոխարինողի հավանական թեկնածու՝ իշխանական շրջանակներում քննարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի անունը: Ուշագրավ է, որ վերջինս ընդգրկված է նաեւ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում»,- գրել է «168 ժամը»։




























