Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ մահափորձ է պատրաստվել: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ժողովուրդների համադաշնության նախագահ Զաալ Կասրելիշվիլին:

«Մի քանի օր առաջ Թուրքիայում ամոթալի միջադեպ է եղել, երբ նախագահ Սահակաշվիլին հեծանիվով բախվել է մեքենային… Շշուկներ տարածվեցին, թե Սահակաշվիլին անսթափ վիճակում է եղել, իսկ միջադեպը սարքել են: Մենք չենք պատրաստվում հետաքննել այդ դեպքը, բայց նախազգուշացնում ենք Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը, որ Սահակաշվիլիի դեմ մահափորձ է կազմակերպվում: Ինչպես, երբ եւ որտեղ, մեզ հայտնի չէ»,- ասել է Կասրելիշվիլին:

Նրա խոսքով, Սահակաշվիլիին վտանգ է սպառնում երեք կողմից, առաջինը Ազգային շարժման ղեկավարությունն է, մասնավորապես Մերաբիշվիլի-Ուգուլավա թեւը, երկրորդը` նախկին գործընկերները, որոնք երաշխիք չունեն, որ Սահակաշվիլին Շեւարդնաձեի պես կնստի Կրծանիսի նստավայորւմ եւ կլռի, իսկ երրորդը` այն երկրներից, որոնց նկատմամբ Սահակաշվիլին առանձնակի ագրեսիա է դրսեւորել: Կասրելիշվիլին նշել է, թե նախկին գործընկեր ասելով նկատի չունի ԱՄՆ-ին, քանի որ վստահ է` Սահակաշվիլին նրանց ընտրյալն է: