Կարեն Դեմիրճյանի համար ճակատագրական դարձավ իր կյանքի վերջին փուլը եւ Գարբաչովի հետ հարբերությունները: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ գարբաչովյան շրջանը Կարեն Դեմիրճյանի համար շատ ճակատագրական էր: «Գարբաչովը միջակ ունակությունների տեր մարդ էր եւ նրան առաքելություն էր ընկել մի մեծ պատմական հսկայական խնդիր լուծել, որը չէր կարող անել: Դրա համար նրա ուղին գնաց զիգզագներով. մեկ ասում էր՝ վերակառուցում, երեք տարի հետո ասում էր՝ նոր է սկսում վերակառուցումը, իսկ այդ ընթացքում Դեմիրճյանին փորձում էր հեռացնել նրա համար, որ չի ցանկանում վերկառուցում կատարել: Քանդում էր առանց հասկանալու: Կարենի մոտ գրառում կա, որ նրա մոտ բացակայում էր մեծ քաղաքական գործչի ամենահիմնական հատկությունը` հեռատեսությունը»,- մանրամասնեց Ռիմա Դեմիրճյանը եւ ավելացրեց, որ Գարբաչովը շատ հաճախ Դեմիրճյանին նաեւ խանդում էր: (ֆոտոռեպորտաժ)

Ռիմա Դեմիրճյանի ներկայացմամբ՝ Գորբաչովն անխնա էր անցյալի նկատմամբ` քանդում նորից էր սկսում, իսկ նորը հին ձեւերով էր կառուցում: Իսկ Կարեն Դեմիրճյանը ճիշտ հակառակ է եղել եւ խնայել ամեն մի արժեքավոր բան անցյալից, ինչի համար նույնիսկ վերակառուցման թշնամի են ասել:

Կարեն Դեմիրճյանի այրին նկատեց, որ իր ամուսինն այն մարդն էր, որ իշխանության գալով գործի դրեց, թե իշխանություններին, թե ընդդիմադիրներին, որ բռունցքները թափ տալու փոխարեն աշախատեն: Նա նաեւ ասաց, որ այն ինչ Կարեն Դեմիրճյանն է Արցախի համար արել, ուրանալ չի կարելի, եւ մինչեւ շարժումը, եւ շարժման ժամանակ:

Իսկ 1998-ին նախագահական ընտրությունների կեղծումից հետո, ըստ նրա, ոչ թե Կարեն Դեմիրճյանը միացավ իշխանւթյուններին, այլ իշխանությունը միացավ նրան: «Ես պարզ ասում եմ, որ ոչ թե ինքը գնաց իշխանությունների մոտ, այլ իշխանություներն իրեն ընտրեցին՝ հաշվի առնելով նրա փորձը եւ հեղինակությունը: Վազգենի նամակը գոյություն ունի, որը հոյակապ նամակ է եւ համընկնում էր Դեմիրճյանի սկզբուքների հետ: Նա իր առջեւ նպատակ էր դրել օգնել ազգին, ժողովրդին, երկրին»,- ամփոփեց նրա այրին: