Հոկտեմբերի 27-ը, ոչ թե պետական հեղաշրջում էր, այլ՝ սպանություն, որը դրսից էր պատվիրված, սակայն հայերի ձեռքով կյանքի կոչվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
«Քիլլերի մոտ մի հատ ստից թուղթ է եղել: Նպատակը սպանությունն էր: Ես դա ասել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ջհանգիրյանին: Երբ Քոչարյանն ասաց, որ սա հեղաշրջում է, ասացի. «Ոչ մի հեղաշրջում էլ չկա: Պարզապես սպանություն է քողարկված ձեւով: Բայց միանշանակ պնդել չեմ կարող, քանի որ փաստեր չունեմ»:
Դիտարկմանը, թե կոնկրետ կասկածյալների շրջանակ ունի՞, Ռիմա Դեմիրճյանն արձագանքեց. «Ոչ, ես համարում եմ, որ դա դրսից է գալիս, բայց հայերի ձեռքով է արված: Ես միանշանակ ոչինչ պնդել չեմ կարող բացի նրանից, որ դա սպանություն էր, ոչ թե՝ հեղաշրջում»:
Նշենք, որ այսօր լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81-րդ տարեդարձը:




























