Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, հնարավոր է` դե-ֆակտո ընտրված նախագահ Հովհաննիսյանը կդառնար դե-յուրե նախագահ: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք բազմիցս հայտարարել են, որ «միշտ կանգնած են ժողովրդի կողքին», հավատարիմ մնային իրենց խոսքին, եւ խոսքը կյանքի կոչեին, Հովհաննիսյանը նախագահ կլիներ. «Ժողովրդի մեծ մասը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ հարց է, որ հիմնական քաղաքական ուժերը սահմանափակվեցին ձեւական հայտարարություններով, թե իրենք ժողովրդի կողքին են, իսկ իրենք աշխատել են Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Ժողովրդի ճակատագրով մտահոգված լինելու մասին հայտարարողց ուժերից որեւէ մեկի առաջնորդը չկանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին Ազատության հրապարակում: Բացառություն էր միայն Դաշնակցությունը»: