«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշելու Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերում իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ` Հայաստանի ՊՆ զորամասերի աջակցությամբ:
«Էրեբունի» արգելոց-թանգարանից հայտնում են, որ այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայողներ Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել են 150 ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր Երեւանի քաղաքապետարանը:
Աշխատանքների ավարտից հետո, ինչպես եւ նախորդ տարիներին, զինվորները ծանոթացել են հնավայրին: Արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի խորհուրդը` ընդգծելով, որ ապրիլի 18-ը հասարակական հիշեցման եւ միջազգային համերաշխության օր է` հանուն մշակութային անշարժ ժառանգության պաշտպանության:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ` ՀՀ Պաշտպանության նախարարությունն արդեն տարիներ շարունակ աջակցում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին` ցուցադրելով հայրենիքի պաշտպանության եւ ժառանգության պահպանության անխզելի միասնությունը:




























