«Ակցիզների մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ ապրիլի 18-ից շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-եր կամ DVD-եր: Սակայն շուկայի մասնակիցները դժգոհում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծել ակցիզների ստացման հարցում:
«Ռեքո-Ռեքորդս» ընկերության տնօրեն Դավիթ Խանոյանն այսօր՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամիսներ շարունակ չեն կարողանում ակցիզներ ստանալ, քանի որ մտավոր սեփականության գործակալությունն ու անձամբ այդ գործակալության պետ Արմեն Ազիզյանը անհիմն պահանջներ են ներկայացնում տնտեսվարողներին: Մասնավորապես՝ պահանջում են տեսա եւ ձայնաերիզների մատակարարների հեղինակային իրավունքները հավաստող փաստաթղթեր, ինչի իրավունքը չունեն: Ավելին՝ լրագրողներին բաժանվեցին ձայներիզներ, որտեղ Ա. Ազիզյանը հոխորտում է, թե իր վերադասը չի կարող իրեն ցուցում տալ, թե ում տա ակցիզային դրոշմանիշը, իսկ եթե դատավորները նման ցուցում տան՝ դատավորներին «խայտառակ կանի»:
«Դիսկ վորլդ» խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը հայտարարեց, թե տնտեսվարողներին ստիպում են թույլտվություններ բերել «Հայ հեղինակ» հկ-ից, որն իրականում կոռուպցիայի օղակ է:
«Հայ ֆայ» խանութների ցանցի տնօրեն Արտաշես Բոստանջյանը հայտարարեց, որ մինչ այսօր ակզիզային դրոշմանիշ են տրամադրել միայն 1 ընկերության, ու այդ ընկերությունը մենաշնորհ դիրք կգրավի: Իսկ շուկայում կրկնակի կթանկանան CD-երի ու DVD-երի գները:
Փաստաբան Տիգրան Մուրադյանը նշեց, որ Արմեն Ազիզյանի գործողությունները հարիր չեն վարչական մարմնին, ու կամայականության դրսեւորում են: Շուկայում գործող ընկերությունները դատական կարգով կբողոքարկեն Ա. Ազիզյանի գործողությունների իրավաչափությունը:




























