Այսօր՝ ապրիլի 16-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին, որոնց ուղեկցել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Գարեգին Բ-ն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին:
Նա իր գնահատանքն է հայտնել Հայաստանի գրողների միության նախագահին Երեւանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման, ինչպես նաեւ փառատոնը հայոց նվիրական սրբավայր այցելությամբ սկսելու համար:
Գարեգին Բ-ն, իր խոսքում անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը, հորդորել է պոեզիայի մշակներին իրենց աստվածաշնորհ կարողություններն ի բարին ծառայեցնել` մարդկության բարօրության, ժողովուրդների միջեւ բարեկամության կերտման համար:
Հանդիպման վերջում Կաթողիկոսը պատասխանել է տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին:




























