38-ամյա Արայիկ Բադալյանը հանդիսանալով Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի իրային եւ պարենային պահեստի պետ, պաշտոնատար անձ ամեն օր բոլորից գաղտնի տարբեր տեսակի ու քանակի սննդամթերք է դուրս բերել պահեստից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Արայիկ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի իրային եւ պարենային պահեստի պետ, պաշտոնատար անձ 2012թ դեկտեմբերի 16-ից մինչեւ 23-ը ընկած ժամանակահատվածում պարբերաբար յուրաքանչյուր օր, զորամասի պարենային պահեստից զորամասի անձնակազմին հասանելիք սահմանված չափաքանակի սննդամթերքը օրվա ճաշարանի վերակարգին հատկացնելուց եւ նրանց ճաշարան ուղարկելուց հետո մնացել է պահեստում: Ապա` շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ամեն օր բոլորից գաղտնի տարբեր տեսակի ու քանակի սննդամթերք է դուրս բերել պահեստից, տեղափոխելով Վանաձոր, իրացրել գործով չպարզված անձանց:
Քրեական գործ է հարուցվել 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Դատական առաջին քննությունը նշանակվել է ապրիլի 17-ին:




























