Թուրք-վրացական սահմանային Սարփիի անձակետում Հայաստան քաղաքացի 62-ամյա Հակոբ Հակոբյանին արգելված դեղամիջոցներ երկիր մտցնելու համար ապօրինաբար են ձերբակալել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում բնակվող նրա դուստրը` Ալինա Հակոբյանը:

Նա նշեց, որ հայրը հիվանդ է, բուժման համար գտնվում էր Ֆրանսիայում, անհրաժեշտ դեղամիջոցները նրան տրվում են բժշկի թույլտվությամբ, լիցենզիայով: Այդ դեղը, որի համար նրան ձերբակալել են` «Տրամադոլը», գնելու համար Ֆրանսիայում հատուկ թույլտվություն է պետք: Նրան թուրք-վրացական սահմանին սկզբից ասել են, թե չեն հավատում, որ սրանք քո դեղերն են, հետո ասել են, որ հավատում ենք, որ քո դեղերն են, բայց փաստաթղթերը ֆաքսեր են, օրիգինալներ չեն: «Վրացական իշխանություններն ասում են, թե հայրս իրավունք չունի Վրաստանի սահմանով այդ դեղերն անցկացնել, իրենց օրենքով արգելվում է այդ դեղը մտցնել Վրաստանի Հանրապետություն, բայց նաեւ օրենքի կետերից մեկով ասվում է, որ օրենքը չի կիրառվում, եթե մարդն ունի համապատասխան թույլտվություն: Մենք փաստաթուղթը ֆաքս արեցինք, բայց իրենց համար դա ոչ մի բան է»,- ասաց Ալինա Հակոբյանը:

Նա պատմեց, որ Վրաստանի իշխանությունները պահանջում են, որ պետք է նախօրոք` մինչեւ երկրից դուրս գալը, դեղն անցկացնելու համար թույլտվություն վերցնել բայց խնդիրն այն է, որ իրականում անհնար է իմանալ` այդ դեղը արգելված է տվյալ երկրում, թե՝ ոչ, արգելված դեղորայքի ցուցակ չկա հրապարակված ոչ անցակետերում, ոչ էլ դեսպանատների կայքերում:

Հարազատներն իրավիճակից ելք չեն տեսնում: Դուստրը շեշտեց, որ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են գումար պոկել, այսպես ասած, օրինական ճանապարհով, այսինքն` 2000-5000 լարի տուգանք վճարի, որ առանց թույլտվության այդ դեղերը անցկացրել է Վրաստան: 

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը մի շարք հիվանդություններ ունի, ոտքը կտրված է, անդամալույծ է, ունի շաքարային դիաբետ, ինսուլին է ներարկվում, աղիքային լուրջ խնդիր: Այս պահի դրությամբ նա բաց կալանքի մեջ է, բոլոր փաստաթղթերը վերցրել են, ինքը գտնվում է Բաթումիի հյուրանոցներից մեկում: Դուստրը մտահոգություն հայտնեց, որ այժմ ոտքին թարախակալման պրոցես է ընթանում, ամեն րոպե նրա առողջական վիճակը կարող է վատանել, արդեն մի քանի անգամ «Շտապօգնություն» են կանչել: 

Հիշեցնենք, որ Վրաստանի եկամուտների ծառայության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանային Սարփիի անձակետում ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու՝ արգելված «Տրամադոլ» դեղամիջոց երկիր մտցնելու կասկածանքով:

«Խուզարկության արդյունքում Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է «Տրամադոլի» 180 դեղահաբ, որը թմրանյութ է պարունակում»,-ասված է Վրաստանի եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է ապրիլի 12-ին:

Ըստ «Նովոստի Գռուզիայի», Հայաստանի քաղաքացուն հանձնել են քրեական ոստիկանության դեպարտամենտին: