Երեւանի պետական ճարտապետաշինարարական ինստիտուտի ավագ դպրոցում ապրիլի 18-ին կկայանա «2012-2013 թթ. ուստարվա Հայաստանի  ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ»  մրցույթի եզրափակիչ փուլը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը NEWS.am-ին ասաց, որ մրցույթի կազմակերպիչը «Ռոսսոտրուդնիչեստվոյի»  ներկայացուցչության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնն է: Այն անցկացվում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ինստիտուտի, Հանրակրթական  դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթության վարչությունների հետ համատեղ:

Մրցույթի նպատակը ռուսաց լեզի ուսուցիչների հեղինակության բարձրացումն է, հանրության ուշադրության սեւեռումը նրանց աշխատանքի վրա,  ինչպես նաեւ ստեղծագործ ուսուցիչների հայտնաբերումն ու խրախուսումը:

Մրցույթի ընտրական փուլը տեղի է ունեցել ողջ հանրապետությում, եզրափակիչ փուլի համար ներկայացվել է 40 ուսուցչի թեկնածություն: Եզրափակիչ փուլում կորոշվեն մրցույթի հաղթողները, որոնց կշնորհվեն I, II եւ III  աստիճանի դիպլոմներ: Մասնակիցներին եւս դիպլոմներ կշնորհվեն: