Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության որվա առթիվ:
Նրա շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ եւ վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: Սա փաստ է, եւ այդ ձեռքբերումն արդյունք է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացրել եք դուք:
Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինումը, աշխատաոճի բարելավումը, ինչպես նաեւ արհեստավարժության կտրուկ բարձրացումը, որոնք նախկինում բարի ցանկություններ էին, այսօր հիմնական մասով իրականություն են: Թեեւ անելիքներ դեռ շատ կան, այդուհանդերձ անհերքելի է, որ հասարակության աչքին բարձրացել է ոստիկանի մասնագիտության եւ ընդհանրապես ոստիկանության՝ որպես պետական կառույցի, հեղինակությունը: Համոզված եղեք, որ եւ՛ ժողովուրդը, եւ՛ իշխանությունները ուշադրությամբ եւ երախտագիտությամբ, նաեւ քննադատությամբ հետեւում են ձեր աշխատանքին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն եւ անփորձանք ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության»:




























