Ադրբեջանական կողմի սպառնալիքները` Լեռնային Ղարաբաղ մեկնող եւ այնտեղից թռչող օդանավերը ոչնչացնելու մասին, Չիկագոյի կոնվենցիայի աղաղակող խախտում է: Այս մասին ասվում է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի` NEWS.am-ի հարցմանն ի պատասխան:
Օրերս ադրբեջանական մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության տնօրեն Ֆուադ Գուլիեւը Մոնրեալում մասնակցել է ICAO-ի VI համաշխարհային ավիատրանսպորտային կոնֆերանսին եւ ICAO-ի գլխավոր քարտուղար Ռայմոն Բենջամինի հետ հանդիպմանը քննարկել համագործակցության հեռանկարներն ու օդային փոխադրումների հետ կապված անվտանգության խնդիրները:
Եւ այստեղ էլ սկսվում է հետաքրքիր մասը: Ըստ ադրբեջանական մամուլի` Ռ. Բենջամինն իրեն մի շարք քաղաքական հայտարարություններ է թույլ տվել, մասնավորապես, իբր կարծիք է հայտնել Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայնի օգտագործման անթույլատրելիության մասին: «ICAO –ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձեւերը: Նա նաեւ ընդգծել է, որ օդանավակայանի շահագործման միակողմանի փորձերը, առանց ադրբեջանական կողմից թույլտվության, կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, եւ գնահատվում է որպես Չիկագոյի կոնվենցիայի եւ միջազգային նորմերի խախտում»,-նշվում էր հաղորդագրության մեջ:
Այս հաղոդագրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ՔԱԳՎ-ից նշում են. «Քաղաքացիական օդանավերն ու օդանավակայանները շահագործվում են մարդկանց ճանպարհորդելու հնարավորություն տալու եւ իրենց ազատ տեղաշարժի իրավունքից օգտվելու համար, ինչպես նշված է Մարդու իրավունքների մասին հռչակագրում: ՄԱԿ-ի բանաձեւը, որի մասին հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածներում, խորհրդատվական բնույթ ունեն: Ավելին, տվյալ բանաձեւին առաջարկվել է Ադրբեջանի կողմից, որին դեմ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը), ինչի արդյունքում բանաձեւն ընդունվել է 192 անդամ-երկրներից ընդամենը 39-ի կողմից: Այդ փաստը վկայում է այն մասին, որ բանաձեւը սուբյեկտիվ բյութ է կրում եւ չի կարող որպես փաստարկ ծառայել: Բացի այդ, հայկական կողմի` ICAO –ի հետ շփումներում բազմիցս նշվել է, որ ադրբեջանական կողմի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղից թռչող եւ այնտեղից մեկնող օդանավերը ոչնչացնելու մասին սպառնալքիները Չիկագոյի կոնվենցիայի աղաղակող խախտում է: Եզրափակելով նշենք, որ հայկական կողմից մշտապես արտահայտվել է այն դիրքորոշումը, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումը բացառապես մարդասիրական նպատակ ունի, եւ ավիացիոն ու թռիչքների անվտանգության ոլորտում ICAO –ի կանոնադրության լիակատար պահպանմամբ կշահագործվի միան քաղաքացիական նպատակներով»:




























