Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան հետ կապված դատարանը վարույթ է ընդունել պաշտոնաթող գեներալ Լեւենթ Էրսոզի դեմ դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ծանր հանցագործությունների գործերով Անկարայի 13-րդ դատարանի կողմից վարույթ ընդունված մեղադրական զեկույցում պաշտոնաթող գեներալ Լեւենթ Էրսոզը մեղադրվում է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դեմ մահափորձ կատարելու մեջ։

Հայտնի է դարձել, որ Լեւենթ Էրսոզը հիշյալ գործի շրջանակներում ապրիլի 3-ին վկայություն է տվել որպես կասկածյալ։ Նրան տված հարցերից մեկը ձեւակերպվել է այսպես. «Անօրինական գործունեություն ծավալող ահաբեկչական կառույցի (Էրգենեկոն-խմբ) շրջանակներում թունավորելով Թուրգութ Օզալին՝ դուք մասնակցել եք նրա սպանությանը»։

Լեւենթ Էրսոզը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքը՝ շեշտելով, թե 1993-ին, երբ մահացել է Թուրգութ Օզալը, ինքը ծառայության է եղել Շըրնաքում։

Լեւենթ Էրսոզի դեմ մեղադրական զեկույցը կազմվել է «Զիրվե» հրատարակչատան կոտորածի եւ «Էրգենեկոն»-ի գործով դատավարություններում 2 գաղտնի վկաների արած հայտարարությունների հիման վրա։  Գաղտնի վկաները պնդել են, թե Թուրգութ Օզալին սպանել են «Թուրքիայի ազգային ռազմավարությունների եւ շարժման» վարչության կազմում գտնվող «Սպիտակ ուժերը», որոնց մեջ է եղել Լեւենթ Էրսոզը։

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:

Թուրգութ Օզալի գերեզմանը բացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։ Փորձաքննությունից հետո Օզալի աճյունը վերահուղարկավորվել էր նույն տեղում։