Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա Նուրիկ Ժամհարյանն իր տան խոհանոցում ծննդաբերել եւ դուստր է ունեցել, ապա վերնազգեստով շնչահեղձ արել նրան: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 46-ամյա Նուրիկ Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իր բնակարանի տան խոհանոցում ծննդաբերել եւ առողջ դուստր է ունեցել, ապա հիշյալ փաստն իր հարազատներից թաքցնելու եւ նորածնին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նա իր ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ արել եւ դիակը թաքցրել խոհանոցի բազմոցի հետնամասում: Նա հարազատների կանչով ժամանած շտապ օգնության աշխատակիցներին հայտնել է, որ իր մոտ տեղի է ունեցել հղիության ընդհատում եւ տեղափոխվել է Վանաձորի ծննդատուն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: