Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից ապրիլի 16-ին Վարդան Սեդրակյանին առաջադրված նոր մեղադրանքն իր մեջ մեղադրանքի եւ պատժաժամկետի փոփոխություն չի պարունակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Հարցին, թե այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված հոդվածի փոփոխությունը, նա արձագանքեց. «Տառասխալով: 40 օր առաջ իրենք  մոռացել էին 38 հոդվածը դնել, հիմա իրենց սխալն ուղղել են եւ 34-305-րդ հոդվածը դարձրել են 34-38-305: Այսինքն` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 12-20  տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր` ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով:  Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր: Նրանք դիմել են Վճռաբեկ դատարան: