Երեւանում այսօր կարեւորագույն խնդիր է աղբահանություն արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաեւ Նուբարաշենի աղբավայրի կառավարումը, որը հատկապես նուբարաշենցիների համար առաջնահերթություն է: Այս մասին ապրիլի 16-ին, Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ իրենք նախատեսում են աղբավերամշակման գործարան կառուցել, որպեսզի նուբարաշենցին կարողանա արժանավայել ապրել իր վարչական շրջանում: «Բացի այդ մեր ծրագրերում ներառված է նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մեքենաների ձեռքբերում, որոնցով կկարողանանք պատշաճ իրականացնել ինչպես մայրաքաղաքի աղբահանությունը, այնպես էլ փողոցների ու բակերի մաքրությունն ու ձյան մաքրման աշխատանքները»,-նշել է նա:
Ավելի լավ Երեւան ունենալուն ուղղված նախընտրական ծրագրերը կազմվել են հենց երեւանցիների կողմից բարձրացված հարցերի ու առաջարկների հիման վրա, ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ առաջիկա տարիներին եւս փորձառու թիմը շարունակելու է անմիջականորեն շփվել երեւանցու հետ ու տեղում ծանոթանալով արագ լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին. «Անցած չորս տարիների ընթացքում մենք մանրամասն ուսումնասիրել ենք երեւանցիներին հուզող բոլոր խնդիրներն ու մշակել դրանց լուծման տարբերակները: Մեր այս ծրագրերը լոկ խոսքեր չեն, խոստումներ չեն, իրատեսական ծրագրեր են: Եվ ունենալով քաղաքապետարան - վարչական շրջան - երեւանցի փոխադարձ վստահությունը, համոզված եմ, որ մենք կկարողանանք միասին լուծում տալ առկա բոլոր խնդիրներին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումն ամրագրելով որպես առաջնահերթ նպատակ, իր գործունեության առաջին իսկ օրից սահմանել է հստակ աշխատակարգ, համաձայն որի Երեւանի զարգացման ծրագրերը կազմելիս նախ եւ առաջ պետք է առաջնորդվել բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ապահովելու ելակետով. «Երեւանը մեր մեծ տունն է եւ մենք միասին պետք է կառուցենք ու շենացնենք մեր տունը: Նուբարեշեն վարչական շրջանը իր աշխարհագրական դիրքով գտնվում է Երեւան քաղաքի ծայրամասային հատվածում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այն բոլոր խնդիրները, դարդ ու ցավը, որն այսօր ունի նուբարաշենցին, մեր օրակարգային հարցերի շարքում է: Մենք որոշ խնդիրների այս ընթացքում մասամբ լուծումներ ենք տվել, բացի այդ նաեւ որոշակի ծրագրերի հիմքեր ենք դրել եւ անհրաժեշտ է ժամանակ՝ այդ ծրագրերն ավարտին հասցնելու համար: Վստահեցնում եմ, որ դուք, սիրելի նուբարաշենցիներ, շուտով կզգաք այդ ծրագրերի արդյունքները: Եվ վստահ եղեք, որ մեր փորձառու թիմը նախորդ չորս տարիների նման, առաջիկա չորս տարիներին եւս պատրաստ է ծառայել երեւանցիներին: Եվ այսօր, խնդրելով ձեզ, որ մայիսի 5-ին ձեր վստահության քվեն տաք մեր փորձառու թիմին, ուզում եմ մեկ անգամ եւս վստահեցնել, որ նույն նվիրումով աշխատելով մենք ձեզ հետ միասին կկարողանանք օր առաջ ունենալ այն Երեւանը, որի մասին երազում ենք բոլորս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























