Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված, նույն գյուղի բնակիչներ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին:
Բաց նամակում, մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ
Հարգելի պարոն Հովսեփյան
Հարգելի պարոն Գասպարյան
Ս.թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը:
Նույն օրը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են որդիներս՝ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Արտակին բաց թողնելուց հետո մյուս որդուս՝ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ որպես խափանման միջոց դատարանի կողմից կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամկետով:
Թե ինչ հիմքերի հիման վրա է նախաքննություն իրականացնող մարմինը հանգել հետեւության, որ որդիս կարող է որեւէ առնչություն ունենալ գյուղապետի սպանության հետ, ոչ միայն ինձ, այլեւ Պռոշյան համայնքի ճնշող մեծամասնության, այդ թվում եւ լուսահոգի Հ. Մուրադյանի մերձավոր հարազատների համար մնում է անհասկանալի եւ անհավատալի:
Օբյեկտիվորեն չունենալով սպանության հանգամանքների հետ որեւէ աղերս ունեցող փաստ, նախաքննության մարմինը հղում է կատարում որդուս դեմքին եւ նրա կողմից այդ օրը վարած ավտոմեքենայի սրահում հայտնաբերված «անտիմոն» տեսակի նյութին, որն իբրեւ թե հանդիսանում է կրակոցի արգասիք:
Այդ կապակցությամբ որդիս տվել է համապատասխան բացատրություն, որ այդ օրը առնչվել է ավտոմեքենայի մարտկոցի հետ, որի մեջ, ըստ մասնագետների, նույնպես կա «անտիմոն» տեսակի նյութ:
Այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ, որդիներս որեւէ շարժառիթ չունեին կատարելու նման հանցագործություն, ավելին՝ լուսահոգի Հ. Մուրադյանի հետ ունեցել են նորմալ, մարդկային հարաբերություններ:
Մենք ինքներս նույնպես շահագրգռված ենք, որպեսզի օր առաջ բացահայտվի կատարված հանցագործությունը, եւ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Սակայն գործի շրջանակներում կատարվող միջոցառումներն արդեն իսկ մտահոգության տեղիք են տալիս: Ավագ որդուս՝ Արտակին, որին բաց էին թողել բացատրություն վերցնելուց հետո, երեկ կրկին ձերբակալել են՝ դեռեւս ութամսյա վաղեմություն ունեցող մի փոքրիկ միջադեպի կապակցությամբ, որը որեւէ հետեւանք չի ունեցել:
Ըստ ամենայնի՝ փորձ է արվում արհեստականորեն ստեղծել տրամադրություն կամ համոզմունք, թե իբր որդիներիս եւ լուսահոգի Հ. Մուրադյանի միջեւ եղել է հակամարտություն եւ անհաշտ հարաբերություններ: Ավելին՝ այս ամենի նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով գտնել «հետքեր», որոնք «կհիմնավորեն» որդիներիս առնչությունը Հ. Մուրադյանի սպանության հետ:
Հարգելի պարոնայք, խորապես համոզված լինելով, որ կատարվել է իր բնույթով քստմնելի հանցագործություն, որի հետեւանքով կյանքից զրկվել է 4 անչափահաս երեխաների հայր, միաժամանակ գտնում եմ, որ արդարացի չէ զոհասեղանի վրա դնել երկու անմեղ երիտասարդների եւ վերջիններիս երիտասարդ ընտանիքների ճակատագիրը:
Ուստի, հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը, հետեւանքները, մարդկայնորեն խնդրում եմ՝ անմիջական հսկողության տակ վերցնել հասարակական հնչեղություն ձեռք բերած քրեական գործի նախաքննության ընթացքը, ապահովել առավելագույն թույլատրելի թափանցիկություն, հրապարակայնություն, իրականացնել օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, կապացուցվի որդիներիս անմեղությունը:
Հակառակ պարագայում, սպանությունը բացահայտելու նպատակով բացառապես որդիներիս վրա սեւեռվելու, այլ վարկածներ բացառելու նախաքննություն իրականացնող մարմնի դրսեւորող վարքագիծը չի ներշնչի որեւէ վստահություն եւ հավատ, արդյունքում կխաթարվի անմեղ որդիներիս ճակատագիրը, իսկ իրական հանցագործները կմնան ազատության մեջ:
Հարգանքով՝ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանների հայր՝
Արշալույս Պետրոսյան
Կոտայքի մարզ, գ. Պռոշյան»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից, սակայն օրեր անց կրկին ձերբակալվել էր: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:




























