Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով Արայիկ Պետրոսյանը բողոքարկել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Արայիկ Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն դեռեւս հայտնի չէ նիստի օրը:
Գիվի Հովհաննիսյանն իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը համարում է անհիմն: «Հիմնավորում, ըստ մեզ, չկա, ուղղակի մեղադրող կողմը, կոնկրետ քննիչը բանավոր ասում է, որ հիմքեր ունեն, բայց որեւէ ապացույց չի ներկայացրել մեզ: Ավելի շատ հիմնվում են փորձագետի եզրակացության վրա, որ անտիմոն են հայտնաբերել, բայց դա էլ հիմք չէ, մեղադրանքն ապօրինի է»,- ասաց փաստաբանը:
Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ անտոմինը բնության մեջ հազվադեպ հանդիպող նյութերից է, այն կարող է օգտագործվել նաեւ կենցաղում` մարտկոցների, կոսմետիկ միջոցների մեջ. Նա նկատեց, որ չի բացառում, որ անտիմոնի հետքերը պարտադիր կրակոցի հետեւանքով են առաջացել, բայց եթե նույնիսկ կրակոցի հետեւանքով են առաջացել, ապա ինչ կապ ունի այդ կրակոցը սպանության հետ: Փաստաբանը նաեւ նկատեց, որ գուցե մեղադրող կողմի համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ Արայիկ Պետրոսյանը «Նիվա» մեքենա է վարել, բաց դա եւս հիմք չէ, քանի որ «Նիվա» վարող անձինք շատ են:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:




























