«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին տեղի է ունեցել ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի հինգերորդ  թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխվել են 100 հազ. դրամ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10 հազ. հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր: Այդ մասին տեղեկացնում են Բորսայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 5 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,25 մլրդ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,5 մլն դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: