Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի են ունեցել «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Մա արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է դարձել: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը կառուցվածքային բարեփոխություններից առանձնացրել է գործառույթների հստակեցումը, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, Երեւանում համայնքային ոստիկանության 11 հենակետերի ստեղծումը, Երեւանում եւ Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակի հիմնադրումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորումը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն կարեւորեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման եւ հանրային կարծիքի ձեւավորման աշխատանքներին: ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը լսումների մասնակիցներին ծանոթացրեց ոստիկանների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու Ռումինիայի փորձին: Նա տեղեկացրեց, որ Ռումինիայում բարեփոխումները կատարվել են նախ համակարգի ներսում, ապառազմականացվել է ոստիկանությունը, ինչը հանրային վստահության բարձրացման առաջին լուրջ ազդակն է դարձել, թեեւ դրա համար երկար ժամանակ ու հետեւողական ջանքեր են պահանջվել: Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը:ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահ Աննա Մարգարյանը ներկայացրեց 2009-2011 թթ. Երեւանում ու Հայաստանի մարզերում 14 հազար քաղաքացու հետ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ հասարակության մի զգալի մասը դեռեւս իրեն անվտանգ չի զգում եւ իր անվտանգությունը չի վստահում ոստիկանին: ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Յուրի Կովիրշինը ներկայացրեց Ռուսաստանի ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նրա գնահատմամբ՝ ոստիկանական բարեփոխումները պետք է զուգակցվեն բոլոր ոլորտների համակարգային փոփոխություններով եւ մշակվեն հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմներ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական լսումների վերջում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումներ կատարելիս եւ ոստիկանության հանդեպ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ մեխանիզմներ մշակելիս:




























