Տավուշի, Լոռու մարզերում եւ Սյունիքի նախալեռներում առաջիկա օրերին ցրտահարության հետեւանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի, Լոռու մարզերում եւ Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիջանի անկում` օդում մինչեւ 0-2 աստիճան, եւ նշված տարածաշրջաններում ցրտահարության հետեւանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները:

Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր եւ դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել` այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ որտեղ կա ոռոգման հնարավորություն` խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձեւով եւ ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը: