Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Տեղեկացնում ենք, որ.

1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:

2. Որեւէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաեւ գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

3. «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

4. «Հայ ազգային կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա:

5. Հայ ազգային կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ  գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀԱԿ դաշինքի կազմում գտնվող «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀԱԿ դաշինքի տարածած հայտարարությանը միացել է 5 կուսակցությունը`  «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական հայրենիքը», «Ժողովրդական ուղին», «Մարդու իրավունքներ 96-ը», Կանաչների կուսակցությունը: Նա նշեց, որ ՀՀՇ-ի դուրս գալուց հետո դաշինքի կազմում մնացել էր 10 կուսակցություն, որոնցից 2-ը սառեցրել են իրենց գործունեությունը ՀԱԿ կազմում` «Ազատությունը» եւ «Այլընտրանքը», իսկ մնացած 8 ուժերից 5-ը միացել է իրենց հայտարարությանը: