ԱՒՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հերթական գրառումն է կատարել «Ֆեյսբուքում», նշելով, որ մի քանի ժամից իրեն վիրահատելու են:
Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի բարեկամներ, սա ձեզ համար եմ գրում եւ վատ մի զգացեք, որ նաեւ որոշ ժողովրդի լեզվով ասած «շանտղերք» էլ են կարդում իմ ձեզ գրածս ընդհանուր նամակները։ Բա, առիթ չունենա՞ն իրենց ծագումը հիշելու... Գիտեք, արդեն երկու շաբաթ է Եվրոպայում եմ։ Հիմա Բելգիայում եմ՝ Բրյուսելում։ Անցյալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինվողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Հուսով եմ, չէ, երեւի ճիշտ կլինի ասել՝ Եթե Տերը կամենա, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Նվազագույնը խոստացել են, որ գոնե հստակ կիմանան, թե ինչ է կատարվում։ Քնեցնելու են։ Ասում են, կտեւի 2-5 ժամ։ Եկեք մյուս մանրամասնությունները չգրեմ կամ հետո կգրեմ մասնավոր նամակներով։
Քունս չէր տանում. երեւի շատ ցավազրկող խմելու պատճառով կամ... 12 տարի ընդմիջումից հետո օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած
նախավիրահատական յոդախառը շամպուն էր։ Ինչեւէ։ Վեր կացա ու համացանց ներխուժելով գտա մի հոդված, որին արձագանքս էլ փոխանցում եմ ձեզ։
Ուրեմն, 2-3 օր երեւի չկարողանամ գրել (երեւի 36 94 4..-ում Էմման ու Անահիտը կիմանան որպիսությունս)։ Չանհանգստանաք։ Սա էլ ասածս արձագանքը։
Աստված բոլորիս պահապան...
Ես մի քանի առիթներ եմ ունեցել շփվելու մեծ գիտնականի հետ եւ գիտեմ, թե որքան էր նա նվիրված իրեն աշխարհ բերած ժողովրդին եւ ինչ մեծ սիրով էր սիրում իր՝ մեր Հայրենիքը։ Իր հազարումի (նաեւ աոողջական) խնդիրները մոռացած նա «ցուրտ ու մութ» տարիների բեռն ուսերին Հայաստանի ռազմական անվտանգության տեսակետից իր կարեւոր (ավելի բաց չեմ կարող ասել) առաջարկությունները լսելու պատրաստ բարձր իշխանավոր էր փնտրում։ Պատկերացնու՞մ եք, խորհրդային ռազմավարական նշանակության հրթիռների նշանառությունն ապահոված գլխավոր մասնագետը, աշխարհահռչակ գիտնականը ամիսներով չէր կարողանում իրեն ունկնդրելու պատրաստ պետական այր գտնել։ Եւ ամեն ինչով հանդերձ նա հանգիստ էր։ Ես որեւէ հուսահատություն չնկատեցի Գարեգին Գուրզադյանի տրամադրությունում։ Սա որպես ներածություն։
Որեւէ մեկի մահվան մասին սովորաբար խոսւում է այն ժամանակ, երբ ակնհայտ է որ այդ անձը մահվան շեմին է։ Այլապես խոսում է հիվանդության կամ ծանր հիվանդության մասին...Հայ ազգը չի մեռնում. այն որպես ազգ արդեն մեռած է։ Չխաբենք մեզ։ Հիմա ապրում ենք ընդամենը այն փուլում, որ բացառիկ ցանկության ու մեծ ճիգերի դեպքում կարող է փրկվենք։ Ինձ համար ամենասարսափելին այն է, որ այդ տագնապի զգացողությունն անգամ միայն մի քանիսն են ապրում։ Մյուսները հիմնականում գոհ ու երջանիկ են։ Ազգը դա ազգային միասնական արժեքային համակարգ (ոչ ցեղային. ցեղը պետություն չի ունենում) ունեցող, դրանով ապրող մարդկային հավաքականությւնն է։ Հարց տանք մենք մեզ՝ արդյո՞ք ենք այդպիսին կամ արդյոք ձգտում ենք դրան...
Ներկայացված մեկնաբանութիւններին հետեւելով տեսնում ես, միայն երկուսն են գրում հայկական դասական ուղղագրությամբ, այն ուղղագրությամբ որի վերականգման կողմնակիցներից էր Գրիգոր Գուրզադյանը։ Եւ սա դեռ ազգի ճակատագրով մտահոգ մարդկանց շրջանում։
Համակարծիք եմ նրանց հետ, ովքեր քաղաքական (եթե քաղաքականի փոխարեն օգտագործենք կամ մտքում պահենք՝ պետութենականը, ավելի ճիշտ կհասկանանք երեւույթները) գործիչների մեղավորությունն են տեսնում առկա իրավիճակում։ Եւ չեմ կարող անառարկելի համարել այն կարծիքը, որ այսօրվա «քաղաքական գործիչները» ազգի բնականոն ստեղծագործությւնն են։ Մենք գիտենք, որ այս որակի սերունդ պատրաստելու ուղղությամբ մեր թշնամինեը լուրջ եւ տեւական աշխատանք են իրականացրել։ Բանն այնտեղ է հասել, որ ազգային քաղաքական գործչի խորհրդանիշ՝ ազգային հերոս են դարձրել «անկախականներին գնդակահարելու» արժանի համարող մարդիկ։ Այսօր առանց հայ մարդկանց արգահատանքից վախենալու կարող են խոսել օտար պետությունից աջակցություն աղերսելու մասին։ Այս ծանր ու տհաճ իրավիճակն արձանագրելով միայն պիտի չսահմանափակվենք, եւ մանավանդ չհիասթափվենք։ Ամեն մեկս առանձին-առանձին եւ իրար հետ պիտի անենք կարելին ու անկարելին...»




























