Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օրերս իր Արուճ դիտակետում վերագործարկել է GPS հենակետային (ռեֆերենց) կայանը, որը նախկինում գործում էր ՍՊԾ-ի Դավիթաշեն (Երեւան) դիտակետում:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ GPS համաշխարհային տեղակայման արբանյակային համակարգը թույլ է տալիս կատարել կոորդինատների ճշգրիտ չափումներ երկրագնդի ամբողջ տարածքում։ Արուճում տեղադրված կայանը, լինելով հենակետային, ընդգրկված է IGS (International GNSS Service) ծառայության ցանկում եւ միակն է Հարավային Կովկասում: Կայանի անվանումն IGS ծառայության տիրույթում լինելու է ARCH չորստառանի կոդային հապավումի տեսքով:

Ընդունիչն ու ալեհավաքը հնարավորություն ունեն կատարելու կոորդինատների ճշգրիտ չափումներ WGS-84 համակարգում` 30 վայրկյանը մեկ անգամ: Աշխատանքը կատարվում է Հայաստանի ԱԻՆ ՍՊԾ համակարգի Արեւմտյան ծառայության մասնագետների ջանքերով՝ ամերիկյան UNAVCO (NASA-ի գործընկեր) կազմակերպության հետ համատեղ եւ նրա տեխնիկական աջակցությամբ:

Մոտակա նմանատիպ կայաններ տեղակայված են Ռուսաստանի Դաշնությունում (Զելենչուկսկայա) եւ Թուրքիայում (Տրաբզոն): Վերջինս փակված է եւ գտվում է ոչ ակտիվ վիճակում:

Արուճի կայանում հավաքագրված տվյալները համացանցային կապի միջոցով կարող են հասանելի լինել աշխարհի բոլոր այն սպառողներին, ովքեր օգտագործում են մշակման համապատասխան համակարգչային ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, GAMIT/GLOBK ծրագիրը, որը նախատեսված է երկրակեղեւի դեֆորմացիաների ուսումնասիրությունների համար: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի տարածքում նախատեսվող երկու GPS կայանների տեղադրումից հետո նման կայանների ապագա «եռանկյունու» տվյալները եւս կօգտագործվեն Գառնիի ակտիվ բեկվածքի գոտում երկրակեղեւի դեֆորմացիաների հետազոտման ժամանակ: