ՀԱԿ խմբակցւթյան ղեկավար Լեւոն Զուրաբյանը պարզաբանել է, թե ինչու ՀԱԿ չի մասնակցել նախագահական ընտրություններին, բայց այժմ մասնակցում է Երեւանի ավագնու ընտրություններին:

Նա նշեց, որ նախագահական ընտրությունները մի քանի գործոններով տարբերվում են այս ընտրություններից, դրանք ունեն մեկ հաղթող: «Նախագահական ընտրություններում ոչինչ չես ստանում, բացի հիասթափությունից, իշխանության կողմից կատարված կեղծիքները նշանակում են հաստատագրված պարտություն, իսկ ավագանու կամ ԱԺ ընտրություններում ստանում ենք ինչ-որ հնարավորություն, որը կարող ենք օգտագործել հետագա պայքարում»,-ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին քառասուն տոկոս ձայն հավաքելն անհնար է անգամ այս ռեժիմի համար, որովհետեւ Երեւանում, ի տարբերություն ամբողջ Հայաստանի, կարող են կենտրոնացնել լավագույն ակտիվիստներին, մայրաքաղաքում բոլոր առումներով սահմանափակված են ընտրակեղծիքները, միայն խնդիր է մարզերից մարդկանց զանգավածաբար բերելը եւ Երեւանում գրանցելը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Երեւանում վերահսկելու մեխանիզմն ավելի մեծ է, քան՝ համապետական ընտրություններում, իսկ  ռեժիմին դժվար կլինի կատարել կեղծիքներ այն դեպքում, եթե համախմբվեն: Նա նշեց, որ ինչ էլ լինի, ՀԱԿ-ը մանդատները վերցնելու է եւ չի հրաժարվելու: «Նախորդ անգամ հրաժարվել ենք, որովհետեւ այն ժամանակ դրվել էր  քաղաքապետի ընտրությունները երրորդ փուլի վերածելու հարց, եթե ընդունեինք այդ մանդատները, կնշանակեր մեծ քաղաքական պայքարից հրաժարվում ենք, վերածվում ենք Երեւանի քաղաքային խնդիրներով զբաղվող ուժի: Այսօր նման հարց չի սպառնում, որովհետեւ ունենք խմբակցություն ԱԺ-ում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը

Հարցին, թե տարիքը չի՞ խանգարի Լեւոն Տեր-Պետրոսյանին ղեկավարել ՀԱԿ-ը, քանի որ նախագահական ընտրություններին չմասնակցությունը պայմանավորել էր նաեւ նրա տարիքով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ եթե համաձայնել է ղեկավարել կուսակցությունը, ուրեմն չի խանգարի: Նա խորհուրդ տվեց ուշադիր կարդալ առաջին նախագահի հարցազրույցը, քանի որ այնտեղ միայն տարիքի հարց չէր: