Պիրատության դեմ տարվող պայքարի շրջանակներում այսօրվանից արգելվում է տեսաձայնաերիզների եւ նմանատիպ այլ կրիչների վաճառքն առանց դրոշմապիտակների: Այդ մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

Նրա խոսքով՝  2012 թ. ընդունվեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» նոր օրենք, որով տնտեսվարողներին 6 ամիս ժամանակ տրվեց առանց դրոշմապիտակների սկավառակների պաշարները վաճառելու եւ սպառելու համար: Ա. Ազիզյանի տեղեկացմամբ՝ 25 ընկերություններ դիմել են դրոշմապիտակ ստանալու, որից 23-ը մերժվել են: Մերժվել են միայն «Ռեքո Ռեկորդսը» եւ «Ադամսը»:

Նշենք, որ «Ռեքո Ռեկորդսի» ներկայացուցիչը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ մտավոր սեփականության գործակալությունը կամայականություն է անում՝ անհիմն մերժելով դրոշմապիտակների տրամադրումը: Ա. Ազիզյանը հայտարարեց, որ գործակալությունը իրոք չի ստուգում պայմանագրի իսկությունը եւ տվյալների հավաստիությունը: Բայց գնահատում է պայմանագրի կողմ հանդիսացող ընկերության իրավունակությունը՝ պայմանագրեր կնքելու: Այսինքն՝ պայմանագիր կարող է կնքել միայն պրոդյուսերը, ոչ թե հեղինակը; Ըստ Ա. Ազիզյանի՝ պայմանագրեր պետք է ներկայացվեն միայն պրոդյուսերի հետ, բայց այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է ստուգվում՝ իրական պրոդյուսերի հետ է՞ պայմանագիրը, թե՞ ոչ: 

Ընկերությունների դժգոհությունն իրոք տեղին է՝ նրանք պայմանագրեր են ներկայացնում արտասահմանյան կազմակերպությունների հետ, սակայն դա բավարար չի համարվում՝ պետք է ապացուցեն նաեւ պայմանագիր կնքածի իրավունակությունը: Այնինչ գործնականում անհնար է հայտնի ստեղծագործողների երիզները ներկրել բացառապես նրանց պրոդյուսերների հետ պայմանագրերի հիման վրա: