«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում կպաշտպանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Այսօր՝ ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երեւանի  քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման եւ  կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության եւ ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես եւ առողջ կարծիքի ձեւավորմանը, քննարկելով Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման հնարավորությունները, որոշեցին միաձայն պաշտպանել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի  թեկնածությունը:

Միությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը  ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազում ծրագրերի  եւ դրանով իսկ դարձել կազմակերպության բարեկամը:

Նախագահության ընդլայնված նիստում, օրակարգի 2-րդ հարցով որոշվել է լայնածավալ ծառատունկի ծրագիրը շարունակել Երեւան քաղաքում եւ տարածաշրջանում արդեն իսկ հիմնված անտառների եւ պուրակների տարածքներում: