Պետական գերատեսչությունների կողմից գնվող ապրանքների գինը հաճախ ավելի բարձր է, քան՝ խանութում է: Այդ մասին այսօր՝ ապրիլի 18-ին ՀՀ կառավարությանն նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Նա մի քանի այդպիսի ապրանքատեսակներ նշեց՝  ալյուր, միս, ջուր, գրիչ, թուղթ եւ այլն:

Չարաշահումները կանխելու համար կառավարությունը, ֆինանսների նախարարության ներկայացմամբ, այսօր սահմանեց պետության կողմից ձեռքբերվող որոշ ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները: Սա, ըստ Տ. Սարգսյանի, վերաբերելու է գնումների 70-80%-ին:

Այսպիսով՝ գերատեսչությունները զրկվում են թանկարժեք գրիչներ կամ այլ պարագաներ ձեռքբերելու իրավունքից, եթե դրանց ձեռքբերումը չեն հիմնավորում: «Շատ կոպիտ ֆիլտր է, արգելում ենք սահմանվածից բարձր գներով ձեռք բերել, վերահսկողության պատասխանատվությունը նախարարների վրա է»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նշենք, որ շաքարավազի առավելագույն գին է սահմանվել 390 դրամը կգ-ի համար, 1 հատ մատիտը պետք է գնել առավելագույնը 40 դրամով, ձեռքի օճառը՝ 240 դրամով, զուգարանի թուղթը՝ 100 դրամով (1 ռուլոն), ռեգուլյար բենզինը՝ 490 դրամով եւ այլն: