Հայաստանի բոլոր հուշարձաններն այս կամ այն չափով վերանորոգման կարիք ունեն: Այդ մասին ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ Սամվել Կարապետյանը:
«Նույնիսկ այն հուշարձանները, որոնք վերականգնվել են խորհրդային տարիներին, վերականգնման մեթոդներով չեն համապատասխանել գիտական նորմերին: Միջազգային պրակտիկայում վաղուց ընդհանուր նորմեր են ընդունված, որոնց համաձայն հուշարձանները պետք է վերականգնվեն միայն այն նյութերով, որոնցով ի սկզբանե կառուցվել են»,- նշեց Կարապետյանը` հավելելով, որ այլ նյութերով հուշարձանի վերականգնումը նպատակահարմար չէ նաեւ սեյսմակայունությա առումով:
Նա նշել է, թե երկրում տաղանդավոր մասնագետներ կան, սակայն հաճախ անթերի նախագծերն իրականություն չեն դառնում: «Մեր շինարարական ընկերությունները հաճախ արհամարհում եւ չեն լսում ճարտարապետներին, մինչդեռ ճարտարապետը հեղինակային վերահսկողության իրավունք ունի: Հուշարձանների մնացորդների փոխարեն նոր քարեր են օգտագործում, ինչպես դա եղավ Ձագարավանքի դեպքում»,- ասել է Կարապետյանը: Նրա խոսքով, միայն Հաղարծինն է, որ հրաշալի կերպով է վերանորոգվել, թեեւ տեղյակ չէ, թե ով է հեղինակը:




























