Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հոլիվուդյան եւ ռուսական աստղերի լայն շրջապատ ունեցող Տիգրան Արզաքանցյանն աստղերի չի հրավիրելու Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ գործարար Տիգրան Արզաքանցյանը: «Ես դրա մեջ չկամ: Ես հիմա միայն իմ գործերով եմ զբաղվում»,- ավելացրեց Տիգրան Արզաքանցյանը:
Հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանեց, որ հիմա միայն իր բիզնեսով է զբաղվում, քանի որ ինքը այն արդյունքը չի ստացել, ինչ ակնկալում էր, հիմա մենեջմենթը փոխել է եւ ֆրանսիացի լուրջ մասնագետներ է հրավիրել, ոսկու, կոնյակագործության եւ մյուս հանքերի արտադրանքը լրջորեն զարգացնելու համար:
Միաժամանակ, Արզաքանցյանը նշեց, որ հոլիվուդյան եւ ռուսական շոու բիզնեսի աստղերի հետ կապը պահում է ու ընդլայնում: Իսկ որպես լավ նորություն, ասաց, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սեներգիա գրուպի» հետ, որը համաշխարհային շուկայում համար առաջին խոշոր բրենդների դիստրիբյուտորն է, իսկ արտադրանքով համաշխարհային շուկայում 5-րդն է: «Սեներգիա գրուպին» «Ցար Տիգրան» կոնյակն ենք մատակարարելու»,- ավելացրեց Տիգրան Արզաքանցյանը:



























