20-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ «XXX» Կարաոկե ակումբում ծանոթը դանակի սպառնալիքով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Մարիամ Գզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Խանջյան փողոցում գտնվող «XXX» Կարաոկե ակումբում, իր ծանոթ Համազասպ Պարսամյանը դանակի սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Քրեական գործ է հարուցվել 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել ապրիլի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























