«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում հանրապետության մարզերի բնակիչներից այն մասի, որ յուրաքանչյուր տարի սելավներից առաջացած ինքնահոս ջրերը կառավարությունն անհատույց տրամադրում էր գյուղացիներին, այս տարի, սակայն, տարածքային ՋԸՕ-ները այդ ջրերի դիմաց գումար են գանձում։
««ՉԻ»-ն փորձեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանից մեկնաբանություններ ստանալ ահազանգի մասին։ Ի պատասխան Անդրեասյանը նշեց. «Մենք դեռեւս սելավաջրերի հոսք չունենք, էդ որոշումը կապված է դրա հետ, եթե առաջիկայում էդպիսի հնարավորություն կլինի, ես էդպիսի նախաձեռնությամբ հանդես կգամ»։
«ՉԻ» մյուս հարցին, թե առուները մաքրելու համար գյուղացիներից պահանջվում է վճարել 1000-ական դրամ, նա պատասխանեց. «Ես այդ մասին տեղյակ չեմ։ Կարծում եմ, որ ջրօգտագործողների ընկերությունները ոռոգման ջրի որոշակի կանխավճարի հարց են դնում, որրը, իհարկե, հիմնականում գնալու է գարնան նախապատրաստական աշխատանքներին, ոչ թե հատկապես առուները մաքրելու համար, այլ սպասվելիք ոռոգման ջրի կանխավճարներ են երեւի գանձում եւ ուղղում են հատկապես հիմա՝ էդ ծախսերը հոգալուն»։
«ՉԻ» դիտարկմանը, թե դժգոհողները նշում են, որ գումարները հավաքվում են պարտադրաբար, այն դեպքում, երբ պայմանագրում նման կետ չկա, Անդրեասյանը տվեց բոլորովին այլ պատասխան. «Նման բան չկա, մենք բոլոր ջրօգտագործողների հետ ունենք պայմանագրային հարաբերություններ»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։



























