2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95,3 հազար տոննա` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:
Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազար տոննա բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մարտի հետ համեմատ:
Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 15,3%-ով:
12,7%-ով աճել է նաեւ միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաեւ բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման եւ սակագնային առաջարկների ձեւավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:



























