Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երբեք չի միանա նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «շարժմանը», քանի որ այն ազատական գաղափարախոսության կրող է: Այդ մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Հարցերի մեծ մասում կոմկուսը համաձայն չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա ներկայիս ազատական գաղափարախոսության կրողն է, հետեւաբար նրա հիպոթետիկ ահղթանակի դեպքում երկրում ոչինչ չի փոխվի, միայն դեմքերի փոփոխություն կլինի»,- ընդգծել է կոմկուսի ղեկավարը: Նրա պնդմամբ Հովհաննիսյանի բոլոր խոստումները պետք է դիտարկել քաղցր ստի տեսանկյունից: «Նրա հայտարարություններում կոնկրետ ոչինչ չի պարզաբանվում, օրինակ` ինչպես են նոր աշխատատեղեր ստեղծվելու»,- ասել է Թովմասյանը:
Խոսելով Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին` նա կարծիք է հայտնել, որ Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է: «Դա նախագահի գործն է, եթե որոշել է վարչապետին թողնել իր պաշտոնում, ուրեմն գոհ է նրա աշխատանքից»,- ամփոփել է Ռուբեն Թովմասյանը:




























