Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի 70 կմ հեռավորության վրա գտնվող Գոբուստանի բանտի բանտարկյալները հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ակցիային մասնակցում է մոտ 30 մարդ, ովքեր պահանջում են վրեանայել իրենց գործերը եւ մեղմացնել պատիժները: Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովի խոսքով՝ հացից հրաժարվել են մահապատժի դատապարտված դատապարտյալները, որոնք դատավճիռը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: «1998թ. փոփոխություններ էին արվել Քրեական օրենսգրքում, եւ մահվան դատապարտվածների ազատազրկումը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, իսկ դա ապօրինի է: Օրենքով նրանց պատիժը կարող է փոխարինվել 15 տարվա ազատազրկմամբ, ինչն էլ այժմ պահանջում են նրանք»,- ասել է իրավապաշտպանը:

Գոբուստանի բանտում 700 մարդ է պահվում, որոնցից 260-ը ցմահ ազատազրկվածներն են: 2007թ. նրանք երկու անգամ հացադուլ էին հայտարարել, սակայն պահանջը չէր կատարվել: