«Գետամեջ», «Սադիա», «Ֆրանգոսուլ» հավերի որոշ խմբաքանակներ առողջության համար վտանգավոր շեղումներ են ունեցել եւ հանվել են շրջանառությունից: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ:

2013 թ. դիտարկում եւ ստուգում է իրականացվել «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ում: Փաստաթղթային նույնականացման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա ընկերության կողմից արտադրված «Գետամեջ» ապրանքանիշի ամբողջ արտադրանքը (շուրջ 80 տոննա) արտադրողի կողմից բաժանվել է թվով 31 խմբաքանակի: Ամբողջ արտադրանքն առանձին հաշվառվել եւ պահվել է, միաժամանակ արգելվել է դրանց իրացումը: Փորձաքննության արդյունքներով վտանգավոր ճանաչված խմբաքանակը ոչնչացվել է, իսկ մնացած մասերի լաբորատոր հետազոտությունները շարունակվում են:

Ծառայության պետի մեկ այլ հրամանով իրականացված դիտարկման ընթացքում կատարվել են նմուշառումներ 2012թ. օգոստոսի արտադրության «Սադիա» եւ 2012թ. սեպտեմբերի արտադրության «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերից եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արձանագրվել է աճի խթանիչների՝ սահմանված թույլատրելի քանակի շեղում: Հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից եւ ոչնչացվել:

Իրացման կետերում առկա «Սադիա» հավերի 2012 թ. մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արտադրության խմբաքանակները ճանաչվել են առողջության համար անվտանգ: