Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Շենգավիթում ձերբակալված հանցախմբի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ  ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի 49 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին եւ 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին:

Պարզվել էր, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված  Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել էր իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի եւ ոմն Հրաչի հետ նշված բնակարանից գողացել էին Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի եւ հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  պարզվել է, որ ոմն Հրաչը 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ն է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Հրաչ Բ.-ն 2012 թ. մարտին Մասիս քաղաքի մի բնակարանում վերցրել է Մովսես Մ.-ին  պատկանող 197.000 դրամն ու խոստացել Երեւանում վերադարձնել, սակայն երբ եկել են Աէրացիա թաղամաս, նա պարտատիրոջը հրելով՝ դիմել է փախուստի: 2012 թ. ապրիլ ամսին Գարեգին Նժդեհի հրապարակում Հրաչ Բ.-ն ինտերնետ ցանցին միանալու պատրվակով դարձյալ Մովսես Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը, որից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ վերջինս մտել է դեղատուն՝  դիմել է փախուստի եւ 40.000 դրամ արժողության հեռախոսը վաճառել 17.000 դրամով:

2012 թ. մայիսին Մովսես Մ.-ն հյուրընկալվել է Զաքյան փողոցի 2 շենքում ժամանակավորապես բնակվող Հրաչ Բ.-ին եւ լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում` քնել է, իսկ Հրաչ Բ.-ն օգտվելով այդ հանգամանքից՝ նրա գրպանից գողացել է կենսաթոշակի բանկային քարտն ու բանկոմատից  կանխիկացրել  50.000 դրամ:

Պարզվել է նաեւ, որ 2012 թ. օգոստոսի վերջերին Ներքին Շենգավիթի 1/2 շենքի բնակարաններից մեկում  Հրաչ Բ.-ն  Մովսես Մ.-ից վերցրել է նրա կենսաթոշակի բանկային քարտը` դրանում առկա գումարը ստուգելու նպատակով, սակայն բանկային քարտից կանխիկացրել է 50.000 դրամ եւ գումարը ծախսել բուքմեյքերական գրասենյակում:

Հրաչ Բ.-ն  տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: