Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակելով Սերժ Սարգսյանը ազդակ տվեց, որ իշխանությունները փոփոխությունների պատրաստ չեն եւ բարեփոխումներ չեն ցանկանում իրականացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վարչապետի վերանշանակման հարցը «Ժառանգություն» կուսակցությունում եւ «Բարեւ, Երեւան» դաշինքում չի քննարկվել եւ չի էլ քննարկվի:

«Սրանով միանշանակ Սերժ Սարգսյանը ազդակ տվեց, որ իշխանությունները փոփոխությունների պատրաստ չեն եւ բարեփոխումներ չեն ցանկանում իրականացնել, որովհետեւ վերջին 5 տարվա աշխատանքի արդյունքը նրանում է, որ 200 հազար քաղաքացի արտագաղթեց մեր երկրից,  դա կառավարության մեղքը չէ, այլ իշխանության` ամբողջությամբ վերցրած»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով`  այն ամենը, ինչ տեղի է ունենում, եւս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունն ի զորու չէ երկրում բարեփոխումներ իրականացնել, փոփոխություններն իրականացնելու համար ոչ այդ վճռական կամքն ունի, ոչ էլ այդ ռեսուրսը:

Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, «Ժառանգության» փոխնախագահի խոսքով, երեւի թե ներիշխանական կայունությունը պահելու համար, «որովհետեւ երբ հասարակության վստահությունը չունես, միակ վստահության աղբյուրը մնում է իշխանական հավասարակաշռությունը եւ ուժային կառույցների օգտագործումը, դրանով ստատուս քվոն է պահպանում»:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանում կան շատ արհեստավարժ մարդիկ, որոնք կարող են լինել լավ վարչապետ, բայց մինչեւ վարչապետ լինելը անհրաժեշտություն կա խորհրդարանական ընտրություններ անցկացնել, դրանից հետո հնարավոր կլինի բարեփոխումներ անել, որովհետեւ այս խորհրդարանում բարեփոխումները որեւէ ձեւով հնարավոր չի լինի անել:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցությունը չցանկացավ կարծիք հայտնել վարչապետի վերանշանակման մասին` պատճառաբանելով, որ զբաղված են ընտրություններով, իսկ այդ հարցին կանդրադառնան ընտրություններից հետո: