Վարչապետին եւ Կառավարությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության հնչեցրած քննադատությունները ուժի մեջ են, եւ որեւէ բան չի փոխվել նրանց մոտեցումներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս Կառավարության եւ այս վարչապետի վերաբերյալ իրենք բազմիցս հնչեցրել են իրենց կարծիքը: «Բազմիցս ասվել է, որ մենք համաձայն չենք տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ, որի արդյունքը ահագնացող արտագաղթն է, աղքատությունն է, գործազրկությունն է, երկրի արտաքին պարտքի աճը, բնականաբար այս նշանակմամբ մեր մոտեցումներով որեւէ փոփոխություն չի եղել, եւ մեր դիրքորոշումը Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության եւ այն տնտեսական քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում է այս քաղաքական թիմը, մնում է ուժի մեջ»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի համար սպասելի, բայց միեւնույն ժամանակ անհասկանալի էր Տիգրան Սարգսյանի վերանշանակումը, իսկ թե ինչու նախագահը այդպես վարվեց հարցը նրա համար ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ մարդկային հարթությունում պատասխան չունի: «Եթե հռչակված նպատակներում փոփոխություն չկա, եւ եթե թիմի վարած քաղաքականությունը մնում է անփոփոխ, ես ինքս լավատես չեմ, որ որեւէ փոփոխության կարելի է սպասել»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում վարչապետի պաշտոնում առաջադրվել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, որն ընդունվել է միաձայն:




























