Հայ հասարակությունը պետք է փոխի վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը` սահմանափակ հնարավորություններով անձանց հետ հանդիպման ժամանակ:
«Ես ձեզ ընդունում եմ ոչ թե որպես հաշմանդամների, ես չեմ տեսնում ձեր սայլակները, եւ այս հանդիպումը այլ հանդիպումներից չի տարբերվում: Դուք առաջին հերթին լիիրավ քաղաքացիներ եք, բայց ի լրումն ունեք յուրահատուկ խնդիրներ»,- նշել է Վարդան Օսկանյանը: Նա ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած տեսակից հրաժարվելու անհրաժեշտությունը` հավասար հնարավորություններ ստեղծելով:
Խոսելով Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին` Վարդան Օսկանյանը նշել է, թե դա մեսիջ էր, իշխանութունները ցույց տվեցին, որ գոհ են ստեղծված իրավիճակից, պատճառ չեն տեսնում այն փոխելու, եւ իրավիճակը շարունակվելու է: «Առաջընթացի բացակայության հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն է»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե ներկայումս պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ինտեգրման օրինագիծ, եւ կցանկանար իմանալ շահագրգիռ անձանց կարծիքը:
Հանդիպմանը մասնակցող հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Բացի տրանսպորտից եւ աշխատանքի հարցերից, նրանք նշել են նաեւ հաշմանդամության համար տրվող ցածր վճարները, առողջարանական կենտրոնների բացակայությունը, ընտրատեղամասերի անհարմարությունը, եւ, ընդհանուր առմամբ, պետական աջակցության բացակայությունը:




























