Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/6 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թվականից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է եւ իրենից վտանգ է ներկայացնում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երեւանի ծառայության, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:

Ըստ «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երեւանի ծառայության փորձագետի՝ նշված կռունկը չի անցել փորձաքննություն եւ «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված չէ: