«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անհասկանալի է տրամաբանությունը, որի համաձայն Տիտրան Սարգսյանը կրկին նշանակվելու է վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, այսօր՝ ապրիլի 19-ին, հաշմանդամների հետ նախընտրական հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրել է երկրում առկա արտագաղթի, աղքատության բարձր մակարդակի, արտաքին պարտքի 3 անգամ աճի մասին, նշելով. «Այս պայմաններում ո՞րն է գործողությունների տրամաբանությունը: Այդ տրամաբանությունը մեզ համար անհասկանալի է եւ ժողովրին նույնպես անհասկանալի է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ի երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Նա առաջարկել է իրենց պաշտոններում թողնել նաեւ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում վերընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը:
Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խնդրել է պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նրանք համարվում էին պաշտոնակատարներ:
Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:




























